Categories
Բնագիտություն

Արագած լեռան մասին


Ավանդությունը պատմում է, թե հայոց լեռները մի ժամանակ հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն օր առավոտյան վաղ արթնանալով՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն ողջունել իրար։ Ժամանակ է անցել, և եղբայրները ծերացել են: Նրանք սկսել են ավելի ուշ վեր կենալ։ Մի օր էլ արթնանալով՝ հակառակ իրենց սովորության՝ մոռացել են նախ գոտիները կապել և բարևել են իրար։ Աստված տեսնելով դա՝ բարկացել է ու պատժել եղբայրներին։ Նրանք քարացել, լեռներ են դարձել, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արցունքները՝ անմահական աղբյուրներ։

Ահա այդ լեռներ դարձած եղբայրների շարքում է եղել նաև Արագածը, որ Հայաստանի ամենաբարձր, իսկ Հայկական լեռնաշխարհի բարձրությամբ չորրորդ լեռն է: Այն ունի 4 գագաթ: Ամենաբարձրը հյուսիսայինն է՝ 4090մ, հետո՝ հյուսիս-արևմտյանը՝ 4080մ, արևելյանը՝ 3916մ և հարավայինը՝ 3879մ:

Արագածի անվան ծագումը կապված է մահի և հարության աստծո՝ Արայի կամ Արա Գեղեցիկ արքայի հետ: Արագածի լանջերին պահպանվել են նախամարդու մշակույթի հետքեր. քանդակված հսկա ձկներ՝ վիշապաքարեր, ինչպես նաև միջնադարյան ճարտարապետության հոյակապ կոթողներ: